Նորություներ
Շատ դիտվածներ
1061
12
05/14

Լեգենդար Սինատրայի կյանքը

Ֆրանկ Սինատրան մեծ երգիչ և դերասան է, ով դարձավ Ամերիկայի խորհրդանիշներից և գլխավոր աստղերից մեկը:  Նրա երաժշտական կարիերան սկսվել է դեռևս 1940–ական թվականներին: Նրան համարում էին ճաշակի և ոճի էտալոն: Սինատրայի  թավշյա ձայնը հնչում էր երկրի բոլոր ռադիոկայաններում: Եվ նույնիսկ Սինատրայի  մահից հետո նրա երգերը ԱՄՆ-ի և ողջ աշխարհի երաժշտական արդյունաբերության կարևոր մաս են կազմում:

Ֆրանկ Սինատրան ծնվել է 1915 թվականի դեկտմեբերի 12-ին, իտալացի գաղթականների ընտանիքում, ովքեր ԱՄՆ  էին եկել վաղ տարիքում:

Սինատրայի հայրը ծագումով Իտալիայի Պալերմո քաղաքից էր: ԱՄՆ-ում իրեն փորձել է տարբեր ոլորտներում, եղել է բարմեն, բեռնակիր, հրշեջ և նույնիսկ որոշ ժամանակ դուրս է եկել ռինգ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

Մայրը եղել է համեստ  և չափված կին: Երկար ժամանակ եղել է տնային տնտեսուհի, սակայն որդու չափահաս դարձնելուց հետո, մի հիանալի օր որոշել է կառուցել իր կարիերան  և ստանձնել է Դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը:

Սինատրան մեծացել է ամերիկյան  հասարակ ընտանիքում: 30 տարեկանում միակ լուսավոր կետը նրա կյանքում եղել  է երաժշտությունը և հենց այդ տարիքում նա սկսեց երաժշտության շնորհիվ գումար   վաստակել: Սկզբում ամեն ինչ շատ սովորական էր: Որոշ ժամանակ անց ռադիոյով ուղիղ հեռարձակման հյուրընկալվելը  շրջադարձային դեր խաղաց նրա երաժշտական կարիերայի վրա:

Սինատրայի մաֆիայի հետ ունեցող կապերի մասին խոսում էին բոլորը: Սինատրայի աղջիկը նշում է, որ  գանգստերները շատ են օգնել Սինատրային իր կարիերայի հարցում, նրանք վճարում էին տարբեր ակումբների սեփականատերերին, որտեղ Սինատրան ելույթ էր ունենում:

Սինատրայի ընկերների մեջ կային հանցավոր աշխարհի մի շարք ներկայացուցիչներ` Լաքի Լուչիանո, Սեմ Ջիանկանա, Կապոնե եղբայրներ և այլն:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սինատրան <<Cal-Neva Lodge>> խաղատան սեփականատերերից մեկն է, իսկ մի մասի սեփականատերը Սեմ Ջիանկանան է, ով Չիկագոյի մաֆիայի պարագլուխն էր: Ջիանկանան  70 անգամ ձերբակալվել և մեղադրվել է  200 սպանությունների մեջ:

1930-ական թվականների կեսերին Սինատրան  իր ընկերոջ հետ ստեղծեց << The Hoboken Four>> խումբը , որը որոշ ժամանակ անց մասնակցեց <<Մեծ Բոուզի սիրողական ժամը>> մրցույթին: Երիտասարդները բավականին լավ ելույթ ունեցան և հաջորդ ամիս մեկնեցին հյուրախաղերի ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ: Դրանից հետո Սինատրան աշխատում էր երաժշտական սրճարանում և  ելույթ ունենում ռադիոյում:

Սինատրային կանչեցին Գերագույն դատարան վկայություն տալու իր և մաֆիայի կապի մասին: 1938 թվականին Սինատրային ձերբակալեցին բռնաբարության մեղադրանքով և պատերազմի ժամանակ բժիշկներին կաշառելու համար, որպեսզի իրեն ճանաչեն ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

 Իրական հաջողությունը Սինատրայի կյանքում լինում է 1940-ական թվականներին: Այդ ժամանակաշրջանում  նա հաճախ ելույթ էր ունենում Գարի Ջեյմսի և Թոմմի Դորսիի ջազային օրկեստրի հետ: Տաղանդավոր երգիչը գրավեց ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչների ուշադրությունը: 1946 թվականին Սինատրան թողարկեց իր առաջին ալբոմը` <<The voice of Frank Sinatra>>, որից  2 տարի անց դուրս եկավ մեկ այլ սկավառակ` <<Christmas songs by Sinatra>>:

Ամեն ինչ իր հունով էր գնում, բայց եկավ մի շրջան, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել: Ֆրանկի ամուսնությունը իր հին ընկերուհի Նենսի Բարբատոյի հետ փլուզվեց Սինատրայի` դերասանուհի Ավա Գարդների հետ ունեցած սիրավեպի պատճառով: Հոլիվուդի աստղի հետ հարաբերությունները շատ շուտով վերածվեցին մեծ սկանդալի: Այդ պատճառով չեղյալ էին հայտարարվել Սինատրայի Նյու Յորքում կայանալիք մի շարք համերգներ: Ֆրանկը ընկավ դեպրեսիայի մեջ, որն էլ որոշ ժամանակ անց նրա ռադիոյից դուրս գալու պատճառը հանդիսացավ: Այս ամենին գումարվեց այն, որ 1951 թվականին նա կորցրեց իր ձայնը, երկարատև մրսածության պատճառով: Այս ամենից ճնշված, Սինատրան սկսեց մտածել ինքնասպանության մասին: Սակայն Ֆրանկը չարեց այն: Ձայնը կորցնելու պատճառով Սինատրան նկարահանվեց <<Այժմ և հավիտյանս հավիտենից>>  ֆիլմում և ստացավ <<Օսկար>> երկրորդային դերը լավ կատարելու  համար:

1960-ական թվականներին  Ֆրենկ Սինատրային ծանոթացնում են  ջազմեն, <<սիգարի  համի և բուրմունքի արքա>> Ավո  Ուվեզյանի  հետ: Այդ  ժամանակահատվածը  Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր, և, թվում էր, նրա կարիերան մոտենում էր ավարտին։ Որոշ  ժամանակ հետո, հենց ի շնորհիվ Ավոյի, Սինատրայի կարիերան սկսեց վերելք ապրել, ով նրան նվիրեց բոլորիս քաջ հայտնի  "Strangers in the night"  երգի երաժշտությունը:

Շուտով Սինատրան կրկին սկսեց աշխատել և ելույթ ունենալ ստուդիաներում: Երաժշտի ալբոմները դուրս էին գալիս մեկը մյուսի հետևից: Այդ ժամանակաշրջանում Սինատրան նկարանահանվեց շուրջ 12 ֆիլմերում:

Սինատրայի աստղային ճանապարհը շարունակվեց մինչև 1970-ական թվականների վերջերը: 1979 թվականին նա թողարկեց իր <<New York, New York>>  կոմպոզիցիան և դրանով էլ հրաժեշտ տվեց ամերիկյան բեմին:

<<Time>>-ը այսպես էր բնութագրում Սինատրային.  <<Տղամարդ, արտաքինով նման գանգստերի կերպարի, որն ունի խելահեղ փայլում աչքեր: Նա հագնում է շատ շքեղ վերնաշապիկներ և սպիտակ պատկերներով փողկապներ: Նա այժմ չի նկարվում կամ հայտնվում ուշադրության կենտրոնում առանց գլխարկի, որի միջոցով փակում է հետզհետե ճաղատացող գլուխը >>:

Ինչպես ավելի վաղ նշվեց, Սինատրայի առաջին կինը իր մանկության ընկերուհի Նենսի Բարբատոն էր: Ֆրանկն ու Նենսին ունեն երկու աղջիկ /Նենսի, Թինա/  և մեկ տղա /կրտսեր Ֆրանկ Սինատրա/:

Չնայած ամուսնության երջանիկ տարիներին, 1940-ական թվականների վերջերին երգիչը նոր սիրավեպ ունեցավ Ավա Գարդների հետ և ամուսնալուծվեց իր կնոջից: 1951 թվականին Ավան և Ֆրանկը ամուսնացան: Յոթ տարի անց, մի շարք սկանդալների պատճառով, բաժանվեցին:

1966 թվականին  Սինատրան երրորդ անգամ որոշեց ամուսնանալ, նրա նոր կինն էր դերասանուհի Միա Ֆերրոուն:  Սակայն նրանց ամուսնությունը տևեց կես տարի:

Իր կյանքի վերջին տարիները Ֆրանկ Սինատրան անցկացրել է իր չորրորդ կնոջ`  Բարբարա Մարքսի հետ:

1998 թվականի դեկտեմբերի 8-ին ամերիկյան հատուկ ծառայությունները սկսեցին զբաղվել  Սինատրայի գործով և ի վերջո ոչ մի ապացույց չգտան Սինատրայի և մաֆիայի կապի մասին: Ֆրանկ Սինատրան մահացավ սրտի կաթվածից 1998 թվականի մայիսի 14-ին,  Լոս Անջելեսում:


Tags: