Նորություներ
Շատ դիտվածներ
2332
15
05/14

Ալ Կապոնե: Սպիավոր դեմքով հանցագործը

Հանցագործ աշխարհի ամենահայտնի և երիտասարդ ներկայացուցիչ Ալ Կապոնեի իրական անունը Ալֆոնսո Ֆյորելլո Կապոնո էր: Նա ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին: 1909 թվականին Կապոնեի ընտանիքը Նեապոլից տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Բրուքլինում: Կապոնեի ծնողները երազում էին իրենց տղային օրինապաշտ մարդ դարձնել: Սակայն ընտանիքի չքավորության պատճառով արդեն 9 տարեկանից Կապոնեն աստիճանաբար կապվում է գողերի և ավազակների հետ:

Նա ծնողների հորդորանքով մշտական աշխատանքի է տեղավորվում խաղասրահում, որն էլ հետագայում կարելի է ասել նրա համար դպրոց է դառնում: Կապոնեն կեգլիներ էր տեղադրում խաղասրահում: Ազատ ժամերի էլ այցելում էր պանդոկ, որտեղ էլ առաջին անգամ համտեսում է կնոջ հաճույքը: Փոքրիկ Էլենը շատ գեղեցկադեմ էր: Բայց Էլենի եղբայրը փորձում է ամեն կերպ նրան հետ պահել Ալֆոնսոից և դա էլ վերջինիս դեմքի սպիի պատճառը հանդիսացավ: Հետագայում Ալ Կապոնեն փորձում էր ամեն կերպ ազատվել այդ սպիից, հատուկ դիմափոշի էր քսում, լուսանկարվում միայն աջ կիսադեմով, սակայն նրան անվերադարձ կպավ Սպիավոր դեմքով մարդ մականունը:

Այդ ժամանակ նա ծանոթանում է Ջոն Թորիոյի հետ, որով հիացած էր: Թեև, Ալը տասներեք տարի փոքր էր Ջոն Թորիոյից, բայց արժանանում է նրա վստահությանը: Թորիոն մեկնում է Չիկագո ղեկավարելու Մեծ Ջիմի` Ջիմ Կոլոսիմոյի գործերը և դառնում նրա աջ ձեռքը:

Մեծ Ջիմը Չիկագոյում խաղատներ ու գիշերային ակումբներ ուներ, որտեղ փողն ու կանացի հաճույքները ամենաշահավետ ու կարևոր ապրանքներն էին: Գործի մեջ մտավ նաև Ալ Կապոնեն, որն այդ ժամանaկ ընդամենը 19 տարեկան էր, սակայն հստակ կողմնորոշվում էր ամենաբարդ իրավիճակներում: Մեծ Ջիմի կողքին էր նաև Թորիոն, որին ավելի հաճախ կոչում էին աղվես: Եկավ մի պահ, երբ այս երկուսի ճանապարհները խաչվեցին: Նրանցից մեկը պետք է հետ քաշվեր այլապես սպանությունը անխուսափելի կդառնար: Աղվես Թորիոն դիմում է Ալ Կապոնեին, որն էլ իր հերթին վարձում է իր ծանոթին սպանելու Մեծ Ջիմին: Մեծ Ջիմը սպանվեց իր ակումբի նախասրահում վկաների ներկայությամբ, որը հետագայում դարձավ Ալ Կապոնեի ձեռագիրը: Շուտով Կապոնեն ամուսնանում է իռլանդուհի Մեյ Քոֆլինի հետ, իսկ առաջնեկի կնքահայրը դառնում է Թորիոն: Թորիոն և Կապոնեն սկսում են հսկայական գումարներ աշխատել: Ալ Կապոնեն արդեն շատ փող ուներ: Բայց Թորիոյի խորհրդով որոշեց հարստացնել ոչ միայն իր գրպանի, այլև գլխի պարունակությունը: Եվ սկսեց հաճախել երեկոյան դպրոց անտաշ անգլերենը հղկելու համար: Նա միաժամանակ հասարակության մեջ սկսում է երևալ շքեղ հագուկապով` հրաշալի կոստյումներով, ինչպես նաև գեղեցիկ վերնաշապիկներով և փողկապներով: Բավականին դաժան լինելով իր գործում` նա բոլորովին այլ մարդ էր դառնում ընտանիքում, բարեհամբույր, գթառատ պատրաստ ամեն վայրկյան օգնության հասնելու:

Նա մեծ փողեր էր վաստակում մոլախաղերի բիզնեսում: Իսկ իր պաշտպանվածությունը պահպանելու համար համագործակցության մեջ է մտնում իշխանության և ոստիկանության հետ: Ճիշտ է` հսկայական գումարներ էր ծախսում, բայց դրանք փոխհատուցվում էին նոր ծրագրերի միջոցով: Մաքսանենգության, մոլեխաղերի, ամբարոյական կանանց և ոգելից խմիչքների միջոցով ստեղծվեց նրա բիզնեսը, որը հսկայական գումարներ էր բերում: Բնածին խելամտություն ունենալով` նա աշխատում էր ամեն կերպ աննկատ մնալ չնայած սիրում էր կանանց ընկերակցությունը և շքեղ հագուստները: Եվ դա նրան երկար ժամանակ հաջողվում էր: Շուտով Թորիոյի միջոցով հաստատված խաղաղությունը խափանվեց: Ավելի քան չորս ամիս ամեն մի փողոցում, սրճարանում, վարսավիրանոցում, շուկաներում հնչում էին մահացու կրակոցներ:

Շատերը թողնում էին իրենց բնակավայրը և հեռանում քաղաքից: Սակայն հանցագործ աշխարհում առաջացած պատերազմը ավարտվեց Թորիոյի և Ալ Կապոնեի հաղթանակով: Թորիոն շուտով մեկնում է հանգստանալու և քաղաքի հսկողությունը թողնում է Ալ Կապոնեին: 1928թ. Չիկագոյի իշխանությունը հետևողական պայքար սկսեց հեղինակությունների դեմ, և Ալ Կապոնեն տեղափոխվեց քաղաքի հեռավոր արվարձաններից մեկը: Շուտով նա կարողացավ իր կապերը վերականգնել իշխանությունների հետ և սկսեց նույն եռանդով իր գործունեությունը ծավալել: Նա, ընտրությունները կեղծելով, դարձավ նաև այդ արվարձանի ղեկավարը: Սակայն դա երկար չտևեց. նրա 32-ամյա եղբորը` Ֆրեքին սպանեցին, և նա սկսեց ավելի դաժան գործել: Կապոնեն հրամայում էր մահափորձ իրականացնել, ոչ միայն ավազակախմբերի, այլև լրագրողների, խմբագիրների և իր բոլոր հակառակորդների նկատմաբ:

 Ալ Կապոնեն բազմաթիվ հակառակորդներ ուներ, որոնցից ամենհզորը գանգստեր, ծաղկավաճառ Լեօն Օ Բանիոն էր: Կապոնեն Բանիոյին սպանեց այն ժամանակ, երբ վերջինս ցանկանում էր ձեռք գցել գարեջրի բիզնեսին:

1929 թվականի հոկտեմբերին սկսվում է բորսային ճգնաժամ և  դա անդրադառնում է նաև հանցագործ աշխարհի վրա: Անօրինական ալկոհոլի ներմուծումը դարձավ ոչ շահութաբեր: Կապոնեն հասկանում էր, որ <<գանգստերների ոսկե դարաշրջանն>> ավարտվում է: Ոստիկանությունն էլ հարմար պահի էր սպասում, որ ձերբազատվի նրանցից: Վերջինիս խղճին մոտավորապես 700 սպանություն կար, որից 40-ը` իր ձեռքով: Հասկանալով, որ իրական գործով նրան չեն բռնի, ոստիկանները փոխեցին տակտիկան: Կապոնեն ձերբակալվեց հարկերից խուսափելու համար: Թեև Կապոնեին ձերբակալեցին, տուգանեցին 80 000 դոլարով, դատապարտեցին 11 տարի ազատազրկման, այնուամենայնիվ դա մեծ կորուստ չէր նրա համար: Նրան տանում են Ալկատրաս բանտ: Խուսափելով ավելորդ բանտային տարիներից, նա երբեք չէր մասնակցում կազմակերպված բողոքներին: Նման մի դեպքի ժամանակ նրան դանակահարում են և  տեղափոխում հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշում են նեվրոսիֆիլիս, որը հանգեցնում է հոգեկան անկայունության: Նրան վաղաժամ ազատում են բանտից: Ընտանիքը նրա հետ մեկնում է Պալմ կղզի: Կապոնեի առողջական վիճակը գնալով վատթարանում է  և 1947 թվականի հունիսի 25-ին 48 տարեկանում նա մահանում է: Չիկագոյում և ամբողջ աշխարհում դեռ վառ են Սպիավոր Դեմքով մարդու մասին հիշողությունները:


Tags: